?

Log in

Մուրճի և սալի միջև... կամ արտագաղթեցնելու ընտրա-տեխնոլոգիա

Այն, ինչ ուզում եմ պատմել մի հասարակ տղայի՝ Գոռ Պետրոսյանի մասին, իր տեսակի մեջ եզակի չէ, բայց կոնկրետ ու հստակ դեպք է, որը ցույց է տալիս, թե ոնց են Հայաստանում աշխատում «ընտրական մեխանիզմները», և ինչ է լինում քաղաքականությունից ու քաղաքացի լինելուց հեռու գտնվող հասարակ մարդու հետ, որն ընտրական գործարքի մեջ է մտնում հայաստանյան իշխողների հետ։
Գոռը հասարակ գյուղացի տղա է, որը մի օր իր հարազատ Մրգաշատ գյուղում հող մշակել չցանցկանալով՝ փոխեց աշխատատեղն ու սկսեց ավտոպահեստամասերի խանությում վաճառող աշխատել։ Գնացող եկողը շատ էր, բնականաբար ծանոթների քանակն էլ աճեց երկրաչափական պրոգրեսիայով։
Հետո մոտեցավ նախընտրական շրջանը՝ 2015 թվականի սկիզբը, երբ Արմավիրը պիտի նոր քաղաքապետ ընտրեր։ Հավանական թեկնածուներն էլ, բնականաբար, սկսեցին «հավաքագրել» (իրենց ժարգոնով՝ «վերբովկա անել») մեծ շրջապատ և ընտրողներ բերելու պոտենցիալ ունեցող տղերքին։ Մեկին մի բան էին խոստանում, մյուսին՝ մեկ այլ բան...
Ծանոթ-ընկերների արդեն բավական մեծ շրջապատ ունեցող Գոռն էլ հայտնվեց նրանց տեսադաշտում։ Արմավիրի այս ընտրությունները մի յուրահատկություն ունեին՝ մրցակցող բոլոր թեկնածուներն էլ միմյանց հետ անհաշտ, բայց իշխանական թևից էին։ Հիմնական թեկնածու էին համարվում գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու ՀՀԿ պատգամավոր Նովոյի որդի Արտակ Գևորգյանը։ Բաղրամյան 26-ն ու վերնախավը քաղաքապետի նախընտրելի թեկնածուի մասին լռում էին, և շատերին թվում էր, որ իրոք անհաշտ մրցակցություն է լինելու։ Նովոյի Արտակը քրեական անցյալ ունեցող էր, իսկ գործող քաղաքապետը, արդեն երեք անգամ այդ պաշտոնում աշխատելով, հասցրել էլ խնամիանալ ու «ախպերանալ» ոչ միայն տեղական, այլև հանրապետական վերնախավի հետ, և ըստ էության՝ «իրենով էր արել» բոլոր հնարավոր լծակները։
Երկու կողմից էլ սկսում են Գոռին «հավաքագրելու» փորձեր անել, սկում են համոզել, վախեցնել... Գոռին ավելի վստահելի է թվում պատգամավորի որդին։ Նման լուրերը երկար ժամանակ թաքուն չեն մնում։ Սկսվում են գործող քաղաքապետի կողմնակիցների հալածանքները (նրանք արդեն լավ փորձ ունեին, իսկ Գոռ միամիտ գյուղացի տղա էր, գործում էր անթաքույց). սկզբում՝ թեթև ձևերով, հետո ավելի կոշտ։ Բանը հասնում է սեփական տանը՝ Մրգաշատ գյուղում, Գոռին ահաբեկելուն։ Գոռը դիմում է իր թեկնածուին՝ ենթադրելով, որ Արտակի և Նովոյի հեղինակությունն այնքան մեծ է, որ իրեն կպաշտպանեն հալածանքներից։ Արտակը Գոռին զենք է առաջարկում, որ եթե հանկարծ եթե էլի մի անգամ էլ գործող քաղաքապետի տղերքը հանդգնեն հայտնվել Գոռի տանը, կարողանա պաշտպանվել։ Բայց Գոռը գոնե այստեղ հասկանում է, որ սահմանագիծն անցնել պետք չէ։ Հրաժարվում է՝ հույս ունենալով, որ իրեն կպաշտպանի Արտակի և Նովոյի հեղինակությունը, որը «Սերժի քիփն է»։ Որոշ ժամանակ, դա այդպես էլ կար (ասում են Նովոյի տղերքը մյուս թևին հասկացրել են, որ ֆիզիկական հաշվեհարդարի փորձերին նույնակերպ կպատասխանեն, և անգամ թեթևակի պատժում են Գոռի տան վրա եկածներից մեկին)։ Այդ ամբողջ ընթացքում, քանի դեռ վերևներում  նախընտրելի քաղաքապետի վերաբերյալ կոնսենսուս չկար, Գոռը օգտվում էր Նովոյի «տանիքից», իսկ գործող քաղաքապետի տղերքը ատամ էին կրճտացնում։
Բայց առանց իշխանության համար նախընտրելի թեկնածուի անուն տալու ընտրագործընթացը շարունակելը հղի էր ներիշխանական տեղական մակարդակի ճաքով, քանի որ երկու կողմից էլ ազդեցիկ ուժեր էին խառնված։ Բաղրամյան-26 –ում որոշում են կենսենսուս գտնել, որի արդյունքում էլ գործող քաղաքապետից բացի, մնացած բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնում, այդ թվում և Գոռի պաշտպան Արտակը։ Այստեղ Գոռի մասին հիշում են գործող քաղաքապետի կողմակիցները (հատկապես՝ Արտակի կողմից թեթև պատժվածը)։ Թևաթափված Գոռը փորձում է նորից դիմել Արտակին, բայց նրա հետ առաջվա նման հեշտությամբ կապ հաստատել չի հաջողվում, դա արդեն անհնար էր դարձել։ Ընտություններից մի քանի օր առաջ՝ մարտի 8-ին, Գոռին նորից են ծեծում։ Գոռը հայտնվում է հիվանդանոցում։

Դիմում է իրավահապ մարմիններին, բայց գործը ձգձգում են (իբր՝ որ եկել ես՝ ասենք. ընտրակաշառք ես բաժանել՝ ծեծել են։ Կբացենք, քեզ ծեծլու իրավունք չունեին, ծեծի գծով՝ գործ կբացենք, ուղղակի հիմա տոնական օրեր են, հետո՝ ընտրություններ... Զբաղված ենք, կբացենք... Կբացենք...)։ Քաղաքապետի «ախպեր» քաղաքային ոտիկանությունը ծեծի գործով չի բացում, ձգձգում է, բայց հենց Գոռի վրա բացում է, իբր՝ մարտի հինգին ընտրակաշառք է բաժանել...

Այսինքն, եթե ոստիկանությանը հավատանք, ապա Գոռը ընտրակաշառքը բաժանել է ընտրություններից տաս օր առաջ (Հայաստանյան պրակտիկայում չլսված բան)։ Ընդ որում՝ չեն ասում, թե ում կողմից է բաժանել, ախր Գոռի իբր կաշառք բաժանելու ժամանակ արդեն ուրիշ թեկնածու չի եղել, չկար, հանել էին տվել, միակ թեկնածուն Արմավիրի գործող քաղաքապետն էր։ Ո՞ւմ համար էր բաժանել, ո՞ւմ գրպանից... Ոստիկաններն ասում էին՝ դա կարևոր չէ, տեսնող է եղել։ Իհարկե, վերջում տեսնող չգտնվեց, քանի որ...
Ոստիկանությունում, հասկանալով, որ աբսուրդ պատմության մեջ են ընկում, Գոռին սկզբում քր. գործով վախեցնում են, իսկ հետո՝ ոստիկանների հետ լավ կապեր ունեցող «բարի կամեցողները» համոզում են, թե կարող են օգնել, որ գործը «ջրվի»։ Գոռը վարկ է վերցնում, «ջրում» է գործը, սակայն կարճ ժամանակ անց հասկանում է, որ իր հարազատ քաղաքում ինքը՝ «անթիկունք տղան», անելիք չունի, անընդհատ քայլող «թիրախի» դերում է լինելու, անընդհատ գլխին տալու են։ Ծանրացած նյութական վիճակն էլ մյուս կողմից է սեղմում։ Հետո ազատում են աշխատանքից։ Մի օր էլ նստում մտածում է, մտածում է օրենքի առջև բոլորի հավասար լինելու մասին, երկար է մտածում ու... Գլուխն առնելով կորչում...
Հիմա Գոռի հայրենի տանը կենդանության նշույլ իսկ չկա։ Մրգաշատ գյուղում գտնվող նրանց տան դուռն ամուր փակած է։ Մի օջախ էլ, որ կարող էր հայրենի հողում ծաղկել ու ծիլեր տալ, մնաց իշխանության մուրճի ու սալի արանքում...  

Comments

Re: ara gluxd cavum a?

Նախ անունդ գրի, հետո կխոսենք։ Իմ գլուխն էլ երբեք չի ցավում... Մի տարի անցել է, էդ ինչի հենց հիմա հիշեցիք...

Edited at 2016-08-26 08:18 (UTC)